Նրան հոդվածներ էին պատվիրում նույնիսկ «Թայմսն» ու «Ֆիգարոն»։ Դիանա Աբգար, մեխատառով հայ, ում մասին պետք է խոսել ու հիշել միշտ: Նա առաջին կին դիվանագետն էր պատմության մեջ, բայց իր մասնագիտության հետ նա մեծ հայ էր, ով մինչև վերջին կաթիլը նվիրված էր իր հայրենիքին ու ժողովրդին:
Հենց Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ էր, որ 1918 թվականին Ճապոնիան առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը։ 1920 թվականի հուլիսին Համազասպ Օհանջանյանը Դիանա Աբգարին դիվանագիտական ներկայացուցիչ և Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակեց Հեռավոր Արևելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
1909 թվականը Կիլիկյան Ադանայում հայերի դեմ նոր բռնություն գործադրվեց։ Դիանան դրանց արձագանքեց հոդվածներով, ճապոնական և արտասահմանյան մամուլում իր վեպերով։ Հրատարակչություններում լույս տեսան նրա գրքերը։ Նա այդ ժամանակ նամակագրություն է վարում նահանգապետ Վուդրո Վիլսոնի հետ։
Հայոց ցեղասպանությունից հայերը, մոտ 500 մարդ, փախավ Վլադիվոստոկ, որն այն ժամանակ բռնազավթել էր Ճապոնիան։ Իշխանությունները գողությունն ու մուրացկանությունը կանխելու համար քաղաք ժամանած հայերից պահանջում էին, որ նրանցից յուրաքանչյուրն առնվազն 1500 ճապոնական իեն ունենար։
Դիանա Աբգարի ընկերությունը հայ փախստականների համար վերածվել էր դիվանագիտական առաքելության, իսկ տունը` ժամանակավոր կացարանի։ Նրա երաշխավորմամբ Ճապոնիայի իշխանությունն ու եվրոպական երկրների հյուպատոսները հայ փախստականներին անցագրեր տվեցին։ Տեղի ոստիկանությունում նրա մի խոսքն ավելի մեծ արժեք ուներ, քան որևէ պաշտոնական փաստաթուղթ։
Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը միակ մարդն էր, որ օգնում էր հայերին։ Հայերը ո՛չ լեզու գիտեին, ո՛չ տեղի սովորույթներին էին ծանոթ։ Հաճախ Ամերիկայի և Անգլիայի իշխանությունները նրա երաշխավորությամբ հայերին գումար էին հատկացնում, որպեսզի այդ մարդիկ կարողանային Ամերիկա կամ Անգլիա հասնել։ Նրա խնդրանքով շոգենավային ընկերությունները հայերին մեծ զեղչերով տոմսեր էին տրամադրում։
Դիանա Աբգարի գերեզմանի, ինչպես և հարևանությամբ գտնվող ամուսնու գերեզմանի կողքին սպիտակ քարից խաչ է դրված։ Նրանց շիրիմները գտնվում են Իոկոգամայի «Գայձին Բոտի» գերեզմանատանը: