«Ասեց՝ մա՛մ ջան, զենք եմ մաքրում, որ պիտի Մատաղիսը ազատագրենք»․ 19-ամյա Լևոնը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

«Վերջին խոսակցությունը եղել ա ամսի 1-ին, ասեցի՝ ի՞նչ ես անում, Լևո՛ն ջան, ասեց՝ մա՛մ ջան, զենք եմ մաքրում, որ պիտի Մատաղիսը ազատագրենք»,- պատմում է Նելլի Ղահրամանյանը, որի 19-ամյա որդին զոհվել է պատերազմում՝ հետմահու արժանանալով «Մարտական ծառայության» մեդալի։Զոհված զինծառայողի մասին գրում է medialab.am-ը։

Մայրը պատմում է, որ մինչև Մատաղիսի դեպքը որդին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը Թալիշում հայտնվել էր հակառակորդի շրջափակման մեջ և փրկվել։ Ասում է՝ շատ էին ուրախացել, որ որդին նման իրավիճակից ողջ-առողջ կարողացել էր դուրս գալ։ Ոչ միայն փրկվել էր, այլև փրկել էր ընկերների կյանքը։

«Ես իր հետ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը չեմ խոսել, 8-ի երեկոյան ինձ զանգեցին անծանոթ համարով, մեկ էլ տեսնեմ՝ տղաս բարձր ձայնով գոռաց՝ մա՜մ, մե՜րս, ես փրկվել եմ, ամեն ինչից ես պրծել եմ։ Ուրախությունից չգիտեի՝ ինչ անեի, որ որդիս փրկվել ա։ Ինձ պատմեց, որ շրջափակման մեջ են ընկել, ասեց՝ իմ աֆիցերի կյանքը փրկել եմ, իմ ընկերների կյանքը փրկել եմ։ Բայց ընկերներից նաև զոհվել էին, տղես մարմինները պահել-թաքցրել էր, որ թուրքերը չկարողանան վնասի, որ ինքը նորից հետ գնա, իր ընկերների մարմինները էնտեղից բերի… Շատ էր նեղվում զոհված ընկերների համար»,- պատմում է Նելլին։

Ղահրամանյանների ընտանիքը չէր կարող պատկերացնել, որ այդ դեպքից օրեր անց կկորցնի որդուն։

«Որդիս անօդաչուի հարվածից ա զոհվել։ Ինքը շատ խելացի էր, բոլոր զենքերին տիրապետում էր, լավ հաշվարկներ էր անում։ Անօդաչու թռչող սարքերը չլինեին, բացի իմ որդուց, հարյուրավոր տղաներ էսօր ողջ կլինեին»,- ասում է որդեկորույս մայրն ու հիշում, որ երբ իմացել է, որ որդին գնում է Մատաղիսը ազատագրելու, խնդրել է, որ չգնա, սակայն Լևոնը հանդիմանել է մորը, ասել՝ չի կարող չգնալ:

«Ես որպես մայր չէի ուզում, որ որդիս գնար, ասեցի՝ նոր ես շրջափակումից դուրս եկել, չե՞ս կարա չգնաս, ասեց՝ չէ, մա՛մ, իմ ընկերները էնտեղ են, թուրքը վրաներով քայլում ա, ես երդում եմ տվել Մատաղիսում, որ թուրքին հող չունենք տալու»,- պատմում է մայրն ու ասում՝ որդին ուժեղ ու հզոր էր, չդրժեց երդումը։

«Համարձակ, ուրախ գնացել ա էդ կռվին։ Ասել ա՝ տղե՛րք, գնում ենք միասին, զոհվում ենք միասին, թուրքին հող չունենք տալու, իր վերջին բառերն են եղել, որ բեռնատար նստելուց ինքն ասել ա»,- պատմում է մայրը ու կրկին հուզվում։

Նելլին ասում է, որ շատ ծանր է որդու կորուստը։ Մշտապես ականջներում է որդու խոսքերը, որ ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու են, վերադառնալու է․ «Բայց չարաբաստիկ պատերազմը տարավ որդուս, անզոր էինք անօդաչուի դեմ»։

Լևոնի զոհվելուց օրեր անց են Ղահրամանյանները իմանում բոթը, սակայն մինչ այդ Նելլին արդեն զգում էր, որ որդու հետ դեպք է պատահել, ասում է՝ երազներն ու անհանգիստ զգացողությունները հուշում էին ողբերգությունը։

«Ես հոկտեմբերի 14-ից մինչև 23-ի առավոտը իմ տղուն ման եմ եկել։ Ես երազներ էի տեսնում, ինձ կանչում էր՝ մա՛մ, հեկեկում էր, ես իմ անհանգստությամբ, իմ երազներով սկսել եմ փնտրել հոկտեմբերի 14-ից, զանգել եմ իր բոլոր զանգած համարներով: Ինձ մի տղա ասեց՝ մորքո՛ւր ջան, Լևոնը շատ հեռու ա։ Ասեցի՝ տղա՛ ջան, ինչեր ես խոսում, էդ ինչքան հեռու ա, որ դուք չեք կարում կապ հաստատեք, որ իմանանք՝ ոնց ա… Ինքը անջատեց հեռախոսը ու դարձավ անհասանելի։ Հոկտեմբերի 19-ին որդուս մարմինը տեղափոխել էին Երևան, Հերացու մորգ, բայց ինձ էլի ոչ մի բան չէին ասել»։

Լևոնի զոհվելու մասին Նելլիին հայտնում է որդու հրամանատարի մայրն ու հարազատներից մեկը։

«Ինձ ասեցին՝ Նելլի՛, քեզ հլը մի ուժ տուր, ասեցի՝ ես ուժեղ եմ, ես իմ տղային պիտի գտնեմ, իմ տղան կոմայի մեջ ա, չի կարա իմ երեխուն բան լինի: Ասեցին՝ քո տղան արդեն հերոս ա, ասեցի՝ հա, գիտեմ, որ իմ տղան հերոս ա, ասեցին՝ չէ՛, Նելլի՛, քո տղան երկնային հերոս ա, ասեցի՝ ի՞նչ եք խոսում, ասեցին՝ Նելլի՛, Լևոնը էլ չկա… Էլ չեմ հասկացել՝ ինչ ա իմ հետ կատարվել։ 5-6 ժամ ցնցումների, կոմայի մեջ եմ եղել»։

Նելլին մոտ 6 ամիս հոգեբանի աջակցություն է ստացել, որ կարողանա սթրեսը հաղթահարել։ Ասում է՝ հպարտ է, որ Լևոնի պես տղա է ունեցել, բայց երազում էր, որ որդին մարտի դաշտից թեկուզ վիրավոր, բայց տուն հասներ։

«Ամեն Աստծո օր ես Աստծուն աղաչում էի՝ խնդրում եմ՝ իմ որդուն, թեկուզ ինվալիդ, ինձ հասցրու, բայց Աստված տարավ… Ես հպարտ եմ, որ իրա նման զավակ եմ ունեցել, բայց սենց հպարտություն չէի ուզում»,- կսկիծով ասում է Նելլին։

Լևոնը շատ երազանքներ ուներ, ասում է մայրը, մինչ բանակ գնալը վարսահարդարում էր սովորել, ցանկանում էր բանակից գար, շարունակեր ուսումը, ամուսնանար, ընտանիքին օգներ տան վերակառուցման հարցում․ «Բայց երեխուս երազանքները կիսատ մնացին»։

Մոր խոսքով՝ տղան շատ մարդասեր, ընկերասեր, հյուրասեր էր։

Մայրը հիշում է, որ երբ որդուն բանակ ծանրոց էր ուղարկում, որդին բոլորի հետ կիսվում էր։

«Ինքն էնքան նվիրված էր ընկերներին, 2019-ին իր ծննդյան 19-ամյակին ես տորթ էի ուղարկել, էդ տորթը ինքը պոստեր էր տարել, տորթի կեսը կտրել, իր ծննդյան օրն էին կերել, մյուս կեսը պահել էր, որ երկու օր հետո ընկերոջ ծննդյան օրն էր, էդ տղայի ծնողներն էլ չէին կարող պոստեր բան ուղարկել, որ ընկերոջ ծննդյան օրը նշեն»։

Մայրն ասում է՝ Լևոնն ուրիշ էր, բոլոր նրան ճանաչողները ցավ են ապրում Լևոնի համար: «Ասում են՝ Լևոնի հետ նման բան չպետք ա լիներ»,- հուզվում է Նելլին:

«Ասեց՝ մա՛մ ջան, զենք եմ մաքրում, որ պիտի Մատաղիսը ազատագրենք»․ 19-ամյա Լևոնը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *